Siemens ընկերության վերջին սերնդի Biograph mCT PET/CT սարքը՝ «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում
Պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան ուռուցքաբանության ոլորտում ժամանակակից կարևորագույն ախտորոշիչ եղանակներից է։ Այն կատարվում է ռադիոիզոտոպների կիրառմամբ, ուստի հատուկ տարածք և անվտանգության առանձնահատուկ միջոցներ է պահանջում: «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում, որտեղ վերջերս է ներդրվել այս նորագույն ախտորոշիչ մեթոդը, ստեղծվել են բոլոր պայմանները հետազոտություններն անվտանգ եւ արդյունավետ իրականացնելու համար։
Միջուկային բժշկության ֆիզիկոս, ռադիոնուկլիդային ախտորոշման բաժանմունքի ղեկավար Գուրգեն Էլբակյանյանը նշել է, որ «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում կա լաբորատորիա, որտեղ նախապատրաստվում են ռադիոակտիվ նյութեր պացիենտներին ներարկելու համար:
Բժշկի կողմից նախապես, ինդիվիդուալ պացիենտի համար նշանակվում է դոզա և լաբորանտը համապատասխան այդ դոզայի նախապատրաստում է ռադիոակտիվ նյութը ներարկման համար: Ներարկումից հետո պացիենտը մոտ մեկ ժամ անցկացնում է հիվանդասենյակում, որպեսզի այդ ռադիոակտիվ նյութը կուտակվի օրգանիզմում:
«Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոնի ռադիոլոգ Պավել Գելեժեն նշել է, որ ամբողջ ընթացքում պացիենտը չպետք է շարժվի, խոսի, կարդա։ Այլ կերպ ասած, անհրաժեշտ է լիովին խուսափել մկանները լարելուց: Դա պայմանավորված է նրանով, որ ռադիոակտիվ նյութը կարող է կուտակվել ոչ միայն ուռուցքային հյուսվածքներում, այլ նաեւ մկաններում։ Սա կարող է խանգարել պատկերի մեր վերհանմանը: Հետազոտության մեկնարկից կես ժամ առաջ հիվանդին առաջարկվում է մոտ մեկ լիտր ջուր խմել՝ ռադիոակտիվ նյութի ճիշտ բաշխման համար։
Ռադիոիզոտոպը, որը պացիենտը ստանում է հետազոտությունից առաջ, շաքարի նմանօրինակն է։ Այն ունի ուռուցքային բջիջների հետ կապվելու հատկություն, և դա բժշկին հնարավորություն է տալիս տեսնել այդ բջիջների կուտակումն օրգանիզմում։ Իզոտոպ ստանալուց առաջ անպայման պետք է ստուգվի պացիենտի արյան գլյուկոզայի մակարդակը, քանի որ շաքարի բարձր պարունակությունը կարող է աղավաղել պատկերը։
Դեպքերի 90%-ում, նույնիսկ 95%-ում, մենք օգտագործում ենք պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա՝ ուռուցքաբանական պրոցեսները հետազոտելու համար։
Այսինքն՝ այն փուլում, երբ հիվանդը, ցավոք, հայտնաբերում է, որ ունի չարորակ ուռուցք, պետք է պարզել՝ ինչպես բուժել այս ուռուցքը, եւ դրա համար պետք է պարզել՝ ունի՞ պացիենտը մետաստազներ եւ որքան։
Հազվադեպ, բայց երբեմն օգտագործում ենք պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա՝ առաջնային ուռուցքը որոնելու համար: Այն դեպքերում, երբ պացիենտի օրգանզիմում հայտնաբերվում են ուռուցքային մետաստազ, սակայն չգիտենք՝ որտեղից է այն առաջացել կամ որտեղ է առաջնային օջախը», – Պարզաբանել է բժիշկ Պավել Գելեժեն։
Պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան կիրառվում է նաև քաղցկեղի բուժման արդյունավետությունը գնահատելու նպատակով։ Հատկապես դա կարեւոր է լիմֆոմաների դեպքում: Նախկինում բուժման ընթացքը գնահատելու համար ստիպված էին ավշային հանգույցների բիոպսիա կատարել վիրահատական եղանակով։ Այժմ ՊԷՏը հնարավորություն է տալիս խուսափել դրանից։
Բժիշկը նշել է, որ այժմ այս ամենը հնարավոր է ոչ ինվազիվ կերպով իրականացնել պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիայի միջոցով, այսինքն՝ առանց մարդուն «կտրելու», կարելի պարզել՝ ուռուցքը արձագանքե՞լ է բուժմանը, թե՞ ոչ, ինչը հնարավորություն է տալիս նվազեցնել քիմիաթերապիայի կուրսերի քանակն ու ավելի արդյունավետ բուժում նշանակել։
Հիվանդասենյակում մեկ ժամ անցկացնելուց հետո պացիենտին պառկեցնում են ՊԷՏ/ԿՏ սարքի մեջ։ Հետազոտությունն անցկացվում է երկու փուլով՝ նախ կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա, այնուհետև՝ բուն պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան։
Նախ կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա՝ տեսնելու համար մարդու անատոմիան, ոսկորները, փափուկ հյուսվածքները, օրգանները: Հաջորդ քայլը ռադիոակտիվ նյութի տարածման վերաբերյալ տեղեկությունների հավաքումն է:
Երրորդ, առանցքային փուլը երկու պատկերների միաձուլումն է, այսպես կոչված Fusion-ը, որի շնորհիվ հստակ երևում է՝ որ օրգաններում կա ուռուցք, որոնցում՝ չկա:
Այն հարցին, թե որքանո՞վ է անվտանգ հետազոտության այս եղանակը՝ հաշվի առնելով, որ պացիենտին ռադիոակտիվ նյութ են ներարկում: Մասնագետները բացատրում են՝ ՊԷՏ հետազոտության ժամանակ օգտագործվում է կիսատրոհման շատ կարճ փուլ ունեցող իզոտոպ:
Պավել Գելեժեն հավելել է նաև, որ ռադիոակտիվ նյութի առավելությունը, նրա կիսատրոհման կարճ փուլն է, այսինքն՝ այն ժամանակը, որի ընթացքում նյութը քայքայվում է և վերածվում սովորական գլյուկոզայի՝ շաքարի։ Կիսատրոհման կարճ փուլը տևում է մոտ երկու ժամ, այսինքն՝ մոտ երկու ժամվա ընթացքում մարդու մեջ ներմուծված նյութի կեսն ամբողջությամբ անհետանում է։
Գործնականում՝ հետազոտությունն ավարտվելուն պես, պացիենտի օրգանիզմում այս նյութի շատ քիչ քանակ է մնում: Սակայն լրացուցիչ ապահովության համար տոմոգրաֆիայից հետո պացիենտը մոտ մեկ ժամ մնում է հետհետազոտական սենյակում։
Կենտրոնի շենքն կառուցված է միջուկային բժշկության անվտանգության բոլոր չափանիշներին համապատասխան։ Սենյակները կապարապատ են, ջրահեռացման և օդափոխման համակարգերը ևս կառուցված են ճառագայթային կանոնները հաշվի առնելով։
«Էրեբունի» ճառագայթային թերապիայի կենտրոնում աշխատում են Siemens ընկերության վերջին սերնդի Biograph mCT PET/CT 64 սարքով: Այն ունի մի շարք առավելություններ, որոնցից առանցքայինը առանց ընդհատումների շարժվող սեղանն է։
«Պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիայի սովորական սկաներներում կիրառվում է սեղանի հաջորդական շարժում: Դրա պատճառով պատկերի օպտիմալ որակ ստանալու համար պետք է ավելի շատ ռադիոակտիվ նյութ ներարկվի: Մեր սարքը կիրառում է սեղանի անընդհատ շարժման գործառույթ: Դրա շնորհիվ կարող ենք ավելի քիչ ռադիոակտիվ նյութ ներարկել, պացիենտը ավելի քիչ ճառագայթման ազդեցության է ենթարկվում, եւ միեւնույն ժամանակ պատկերի որակն ավելի բարձր է, քան նախորդ սերնդի սարքերում»,- նշել է Պավել Գելեժեն։
Պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիայի նոր սերնդի սարքի գործարկումը Հայաստանում չափազանց մեծ նշանակություն ունի։ Էրեբունի ռադիոթերապիայի կենտրոնը հագեցած է քաղցկեղի ճառագայթային բուժման արդիական բոլոր մեթոդներով, մասնագետներն անցել են միջազգայաին վերապատրաստումներ, նրան մեծ մասը հրավիրված է օտրաերկրյա պետություններից: Կենտրոնը պատրաստ է բարձրական ճառագայթային բուժում ապահովել ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար: