Մեր մասին
Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, քաղցկեղը շարունակում է լայն տարածում գտնել։ Քաղցկեղի բուժման մեթոդներից մեկը ճառագայթային թերապիան է, որի դերը կարևորվում է առողջապահական համակարգում: «Էրեբունի» բժշկական կենտոնն ամերիկյան Varian առաջատար ընկերության հետ համատեղ կառուցել է իր տեսակով եզակի ճառագայթային բուժման կենտրոն, որը հագեցած է ճառագայթային թերապիայի, ռադիովիրաբուժության և ռադիոիզոտոպային վերջին սերնդի սարքավորումներով: Առկա են Varian ընկերության վերջին սերնդի Halcyon, Edge, Bravos ռադիո և բրախիթերապևտիկ արդիական սարքավորումներ, գերմանական Siemens Healthineers ընկերության, նորագույն Somatom go.Open Pro ճառագայթային պլանավորման համար նախատեսված տոմոգրաֆ, որը ստեղծում է առավել ճշգրիտ պատկերներ՝ արդյունավետ ճառագայթային բուժում իրականացնելու համար: Կենտրոնում առկա է նաև Siemens Biograph mCT 64 PET scan պոզիտրոն էմիսիոն համակարգչային տոմոգրաֆ:
«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնն առանձնանում է նաև ժամանակակից ռադիովիրաբուժությամբ:
Ռադիովիրաբուժությունը բժշկական միջամտության տեսակ է, որը թույլ է տալիս իրականացնել բարորակ և չարորակ նորագոյացությունների, ինչպես նաև այլ ախտահարումների ճառագայթային բուժում` արմատապես վերացնելով ուռուցքածին բջիջները: Կենտրոնում տեղակայված VARIAN EDGE ռադիովիրաբուժության սարքին ինտեգրված է «Identify» համակարգ:
Համակարգը հնարավորություն է տալիս կատարել պացիենտի դիրքի ճշգրտում` առանց իոնիզացնող ճառագայթման կիրառման՝ հիմնվելով մարմնի մակերեսի շարժումների վրա, ինչի արդյունքում պացիենտը զերծ է մնում հետճառագայթային բարդություններից: Կենտրոնում հատուկ ուշադրություն է դարձվում ճառագայթային թերապիայի ամբողջ գործընթացի որակի ապահովմանը։ Բժշկական ֆիզիկոսների կողմից իրականացվում է բժշկական սարքավորումների՝ արագացուցիչների և համակարգչային շերտագրիչների վիճակի մոնիթորինգ:
Որակի հսկողությունն իրականացվում է հատուկ դոզիմետրիկ սարքավորումների միջոցով, որը թուլ է տալիս առավել ճշգրիտ վերահսկել թերապիայի նպատակներով օգտագործվող ճառագայթի չափաբաժինը, ինչն էլ նպաստում է բուժառուի անվտանգ բուժմանը:
Բարձր որակավորում ունեցող մասնագետներն ունեն միջազգային փորձ և բազմաթիվ վերապատրաստումներ։ Նրանցից շատերը հրավիրված են արտերկրից: Կենտրոնում հատուկ ուշադրություն է դարձվում անհատական մոտեցմանը։ Պացիենտները կարող են վստահ լինել, որ կստանան որակյալ, միջազգային գործելակարգերով սահմանված բուժում՝ հարմարավետ պայմաններում։
«Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնի նպատակն է՝ նորագույն տեխնոլոգիաների և միջազգային հարուստ փորձի շնորհիվ հասնել Հայաստանում ճառագայթային բուժման նորագույն մեթոդների ներդրմանը՝ օգնելով օնկոլոգիական հիվանդություններ ունեցող պացիենտներին ստանալ լիարժեք, ամբողջական և գրագետ բուժում` չփնտրելով այն օտար երկրներում։