ՊԷՏ/ՀՏ Հետազոտություն

Image

Ի՞նչ է ՊԷՏ/ՀՏ-ն

ՊԷՏ/ՀՏ (Պոզիտրոն Էմիսիոն Տոմոգրաֆիա և Համակարգչային Տոմոգրաֆիա) հետազոտությունը պատկերային ախտորոշման առաջատար մեթոդներից է։ Այն առանձնահատուկ կարևորություն ունի քաղցկեղի ախտորոշման համար։
ՊԷՏ/ՀՏ հետազոտություն կատարելիս՝ օգտագործվում է ռադիոակտիվ նյութ պարունակող դեղագործական դեղամիջոց՝ ռադիոֆարմպրեպարատ (ՌՖՊ)՝ ճշգրիտ ախտորոշիչ պատկերներ ստանալու նպատակով: ՌՖՊ-ի դեղաչափը կախված է անձի մարդաբանական տվյալներից (հասակ, քաշ) և սովորաբար տատանվում է 200-ից 600 ՄԲկ-ի սահմաններում: Այս դեղամիջոցի ներարկումից անբարենպաստ ռեակցիաներ չեն հայտնաբերվել ավելի քան 30 տարվա օգտագործման ընթացքում: ՌՖՊ-ն կարող է օգտագործվել նաև այլ դեղամիջոցների հետ միասին:

Ինչպե՞ս նախապատրաստվել ՊԷՏ/ՀՏ հետազոտությանը
•    Հետազոտության նախատեսված ժամից 6 ժամ առաջ անհրաժեշտ է բացառել սննդի ընդունումը։
•    Հետազոտության օրը թույլատրվում է խմել միայն մաքուր խմելու ջուր (ոչ քաղցր կամ գազավորված): Հետազոտության օրը արգելվում է ծամել մաստակ։ 
•    Հետազոտությունից 24 ժամ առաջ պահել խիստ դիետա` առանց ածխաջրերի։
Թույլատրվում է օգտագործել՝
•    միս (հավի, խոզի, տավարի միս), ձուկ, կանաչ բանջարեղեն (ծնեբեկ, բրոկկոլի, ծաղկակաղամբ, վարունգ), ձու, սունկ, պանիր, կաթնաշոռ, մաքուր խմելու ջուր (ոչ քաղցր կամ գազավորված), սև սուրճ և թեյ առանց շաքարի և կաթի, 
Արգելվում է օգտագործել՝
•    ալյուր և հացաբուլկեղեն, մակարոնեղեն, կրեկերներ, կոնֆետներ, հացահատիկեղենի բոլոր տեսակները (բրինձ, հնդկաձավար, վարսակ), երշիկեղեն, բոլոր տեսակի մրգերը, բանջարեղենները (կարտոֆիլ, ճակնդեղ, գազար, լոլիկ, եգիպտացորեն), սոուսներ, համեմունքներ, արհեստական քաղցրացուցիչներ, մաստակ, գազավորված և ալկոհոլային ըմպելիքներ, հյութեր։

Եթե պացիենտն ունի շաքարային դիաբետ
•    Ինսուլինի ներարկումներ օգտագործելու դեպքում՝ հետազոտության օրը առաջարկվող մթերքների ցանկին համապատասխան ուտելը, կարճատև ինսուլինի միաժամանակյա ընդունմամբ պետք է լինի բաժանմունք գալուց 4 ժամ առաջ։ Ինսուլինի ներարկումների և ռադիոֆարմպրեպարատի (ՌՖՊ) ընդունման միջև նվազագույն թույլատրելի ժամանակը 5 ժամ է: Երկարատև գործող ինսուլինի օգտագործման դեպքում՝ ՌՖՊ ընդունումից 8 ժամ առաջ:
•    Եթե պացիենտն ընդունում է սուլֆոնիլամիդային խմբից շաքարն իջեցնող դեղամիջոցների դեղահաբային ձևեր (գլիբենկլամիդ, մանինիլ և այլն), ապա պետք է խորհրդակցի էնդոկրինոլոգի հետ հետազոտությունից 24 ժամ առաջ այս խմբի դեղերը փոխարինելու կամ չեղարկելու հնարավորության մասին: 
•    Ի՞նչ վերցնել Ձեզ հետ հետազոտությանը ներկայանալիս
Նախկինում կատարված հետազոտությունների սկավառակները և նկարագրությունները (ՊԷՏ/ՀՏ[PET/CT], միաֆոտոնային էմիսիոն համակարգչային տոմոգրաֆիա [SPECT/CT], ՀՏ[CT], ՄՌՏ[MRI], ուլտրաձայնային հետազոտություն և այլն), այլ բժշկական փաստաթղթեր (էպիկրիզներ, մասնագետների եզրակացություններ, ամբուլատոր քարտ):


Ինչպե՞ս է կատարվում հետազոտությունը․

•    Հետազոտությունը կատարվում է խստորեն դատարկ ստամոքսին,
•    պետք է բաժանմունք ներկայանալ ադմինիստրատորի կողմից նշված ժամին,
•    անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելուց հետո պացիենտին կտեղափոխեն պրոցեդուրայի սենյակ, որտեղ կչափվեն մարդաչափական տվյալները (հասակը և քաշը), 
•    եթե արյան մեջ շաքարի մակարդակը գտնվում է ընդունելի սահմաններում (10 մմոլ/լ), բուժքույրը պացիենտին կուղեկցի հիվանդասենյակ: 

Հիվանդասենյակում.
•    Պացիենտը ընդունում է հարմարավետ դիրք, ինչից հետո բուժաշխատողը տեղադրում է ներերակային կաթետեր, ապա ներարկում ՌՖՊ ( ռադիոֆարմպրեպարատ),
•    հիվանդասենյակում խորհուրդ չի տրվում խոսել, երաժշտություն լսել, կարդալ, օգտվել բջջային հեռախոսից, 
•    ՌՖՊ-ի ներարկումից 20 րոպե անց պացիենտին կառաջարկվի խմել 0,5լ ծավալով ջուր՝ 25-30 րոպեների ընթացքում, 
•    ՌՖՊ-ի ներարկումից 1 ժամ հետո պացիենտին կուղեկցեն ՊԷՏ/ՀՏ հետազոտման սենյակ: Պացիենտը պետք է դատարկի միզապարկը նախքան սկանավորումը: Հետազոտության տևողությունը տատանվում է 15-ից 25 րոպե միջակայքում: Այս ամբողջ ընթացքում պետք է հանգիստ պառկել, առանց շարժվելու։ Սքանավորման ընթացքում շարժումը հանգեցնում է արտեֆակտների առաջացման, որոնք կարող են դժվար կամ անհնարին դարձնել հետազոտության արդյունքների նկարագրությունը:

Որքա՞ն կտևի հետազոտությունը:
ՊԷՏ/ՀՏ հետազոտման համար նախատեսեք բուժկենտրոնում գտնվել մինչև 3 ժամ:

Ե՞րբ է անհրաժեշտ իրականացնել ՊԷՏ/ՀՏ

•    Ուռուցքաբանի ցուցմամբ՝ ուռուցքաբանական հիվանդություններ ունենալու դեպքում՝ տարածվածության ծավալը և բուժման ընթացքը գնահատելու, ինչպես նաև այլ ախտորոշիչ նպատակներով,
•    գաղտնի բորբոքային պրոցեսների ախտորոշման նպատակով,
•    ուղեղի նյութափոխանակության ակտիվության գնահատման համար,
•    սրտի աշխատանքի գնահատման նպատակով։

Ե՞րբ է ՊԷՏ/ՀՏ հետազոտությունը հակացուցված

•    Պացիենտը պետք է վստահ լինի, որ հղի չէ, ինչպես նաև չպլանավորի հղիություն մոտակա ցիկլում, 
•    Եթե պացիենտը կրծքով կերակրում է, անպայման պետք է այդ մասին տեղեկացնի բժիշկ-ճառագայթաբանին հետազոտությունից առնվազն 2 օր առաջ՝ մանրամասն հրահանգներ ստանալու համար: Սա կապահովի պացիենտի երեխայի անվտանգությունը և կպահպանի լակտացիան:    

Ե՞րբ է հակացուցված ներերակային կոնտրաստային ուժեղացմամբ ՀՏ հետազոտությունը

Ներերակային կոնտրաստային ուժեղացումով ՀՏ հետազոտության հարաբերական հակացուցումները հետևյալ հիվանդություններն են.
• Կոնտրաստային նյութի ընդունման նկատմամբ նախկինում ունեցած միջին կամ ծանր ալերգիկ ռեակցիա, որը պահանջում է է թերապիայի անցկացում։
• Տարբեր բաղադրիչների նկատմամբ ալերգիկ ռեակցիաների պատմություն, պոլիվալենտ ալերգիա (ներառյալ դեղորայքի, սննդի, կենդանիների բրդի նկատմամբ)։
• Բրոնխիալ ասթմա և ծանր նոպաներ անամնեզում։
• Սրտանոթային ծանր անբավարարություն։
• Բազմակի միելոմա, մանգաղաձև բջջային անեմիա, պոլիցիտեմիա, ֆեոխրոմոցիտոմա։
• Վահանաձև գեղձի հիվանդություններ (թիրոտոքսիկոզ)։
• Երիկամների ծանր հիվանդություն, հատկապես շաքարային դիաբետի առկայության դեպքում:


Խորհուրդներ հետազոտությունից հետո
24 ժամվա ընթացքում անհրաժեշտ է. 
•    Բացառել շփումը փոքր երեխաների (10 տարեկանից փոքր) և հղի կանանց հետ: Այն դեպքում, երբ շփումը բացառել հնարավոր չէ, անհրաժեշտ է նրանցից պահպանել նվազագույնը 2մ հեռավորություն: (24 ժամվա ընթացքում տեղի է ունենում Ձեզ ներարկված ռադիոակտիվ նյութի ամբողջական տրոհում, ուստի առավելագույնը 24 ժամ անց պացիենտը այլևս չեք լինի ռադիոակտիվ ճառագայթման աղբյուր), 
•    Ավելացնել օգտագործվող հեղուկի ծավալը մինչև 2-2.5լ: (Ռադիոակտիվ նյութը դուրս է գալիս երիկամներով՝ մեզի հետ միասին), 
•    Սահմանափակել կծու և աղի ճաշատեսակների, ապխտած ուտեստների, մարինադների և այլն օգտագործումը: (Այդ մթերքները նպաստում են օրգանիզմում հեղուկի պահպանմանը), 
•    Բացառել ալկոհոլային խմիչքների օգտագործումը,
•    Ձեռքի կապը թույլ է տրվում հանել հետազոտությունից 2 ժամ անց, 
•    Եթե պացիենտը պլանավորում է հետազոտությունից հետո 24 ժամվա ընթացքում դուրս գալ հանրապետությունից (հատել հանրապետության սահմանը)` ապա պետք է տեղեկացնի անձնակազմին համապատասխան փաստաթուղթ ստանալու համար (տեղեկանք ռադիոնուկլիդային ախտորոշման մասին), տեղեկանքը անհրաժեշտ է ներկայացնել սահմանին,

Ինչպե՞ս ստանալ հետազոտության արդյունքը
•    ՊԷՏ-ՀՏ-ի արդյունքները, ներառյալ երկրորդ մասնագետի կողմից հետազոտության խորհրդատվությունը, պատրաստ են լինում երկու աշխատանքային օրվա ընթացքում: 
•    Արդյունքն ուղարկվում է էլեկտրոնային փոստին և անձնական հաշվին: 
•    Բնօրինակ արձանագրությունը և հետազոտության ձայնագրման սկավառակը տրվում է Ճառագայթային թերապիայի կենտրոնի ընդունարանում, երկուշաբթիից շաբաթ ժամը 9:00-ից մինչև 17:00 ընկած ժամանակահատվածում:

Այլ նորություններ

news
Ինչպե՞ս պատրաստվել ՀՇ հետազոտության
Իմանալ ավելին
news
Siemens ընկերության վերջին սերնդի Biograph mCT PET/CT սարքը՝ «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում
Իմանալ ավելին
news
Ռադիոթերապիան կրծքագեղձի քաղցկեղի դեպքում. Սերգեյ Գոլուբը ելույթ է ունեցել միջազգային համաժողովում
Իմանալ ավելին
news
Երևանում բացվեց իր տեսակով եզակի «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնը
Իմանալ ավելին