Ga-68 PSMA PET/CT (ՊԷՏ/ՀՏ) հետազոտություն

Image

Ի՞նչ է ՊԷՏ/ՀՏ հետազոտությունը։
ՊԷՏ/ՀՏ-ն՝ Պոզիտրոն Էմիսիոն Տոմոգրաֆիան և Համակարգչային Տոմոգրաֆիան, ռադիոնուկլիդային ախտորոշման մեթոդ է, որը թույլ է տալիս գնահատել ֆունկցիոնալ առանձնահատկությունները՝ ներքին օրգանների նյութափոխանակությունը և պաթոլոգիական փոփոխությունները՝ օգտագործելով պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան, ինչպես նաև անատոմիական կառուցվածքը՝ համակարգչային տոմոգրաֆիայի մեթոդով։
 

Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը։
Հետազոտության նախատեսված ժամից 4 ժամ առաջ անհրաժեշտ է
բացառել սննդի ընդունումը։
Բուժկենտրոն այցելությունից 1–2 ժամ առաջ անհրաժեշտ է խմել 1 լիտր
ջուր։
 

Ի՞նչ վերցնել ձեզ հետ հետազոտության օրը։
• Անձնագիր կամ ID քարտ
• PSA անալիզի արդյունք՝ կատարված ոչ ավելի քան 30 օր առաջ
• Նախկինում կատարված հետազոտությունների սկավառակները և նկարագրությունները՝ ՊԷՏ/ՀՏ (PET/CT), ՍՊԷԿՏ/ՀՏ (SPECT/CT), ՀՏ (CT), ՄՌՏ (MRI), ուլտրաձայնային հետազոտություն և այլն
• Այլ բժշկական փաստաթղթեր՝ էպիկրիզներ, մասնագետների եզրակացություններ, ամբուլատոր քարտ
 

Ինչպե՞ս է անցկացվում հետազոտությունը։
Պետք է բաժանմունք ներկայանալ ադմինիստրատորի կողմից նշված ժամին։
Ընդհանուր պրոցեդուրայի համար նախատեսեք բուժկենտրոնում գտնվել մոտ 2 ժամ։
Անհրաժեշտ է կրել հարմարավետ հագուստ՝ առանց մետաղական տարրերի։
Անհրաժեշտ փաստաթղթերը լրացնելուց հետո ձեզ կտեղափոխեն ներարկման սենյակ, որից հետո կսկսվի պրոցեդուրան։
 

Հիվանդասենյակում / նախապատրաստման սենյակում
Դուք ընդունում եք հարմարավետ դիրք, որից հետո տեղադրվում է ներերակային կաթետեր։
Ձեզ ներարկվում է Ga-68 PSMA ՌՖՊ՝ ռադիոֆարմպրեպարատ։
Հանգստի սենյակում խորհուրդ չի տրվում խոսել, երաժշտություն լսել, կարդալ կամ օգտագործել բջջային հեռախոս։
ՌՖՊ-ի ներարկումից 1 ժամ հետո ձեզ կուղեկցեն ՊԷՏ/ՀՏ հետազոտման սենյակ։ Սկանավորումից առաջ անհրաժեշտ է դատարկել միզապարկը։
Հետազոտությունը տևում է 15–20 րոպե։ Այդ ամբողջ ընթացքում պետք է հանգիստ պառկել՝ առանց շարժվելու։ Սկանավորման ընթացքում շարժումը կարող է հանգեցնել արտեֆակտների առաջացման, որոնք կարող են դժվարացնել կամ անհնար դարձնել հետազոտության արդյունքների ճիշտ նկարագրությունը։
 

Ինչպե՞ս վարվել հետազոտությունից հետո։
Հետազոտությունից հետո 12 ժամվա ընթացքում անհրաժեշտ է՝
• Բացառել շփումը փոքր երեխաների՝ 10 տարեկանից փոքր, և հղի կանանց հետ։ Եթե շփումը բացառել հնարավոր չէ, անհրաժեշտ է նրանցից պահպանել նվազագույնը 2 մետր հեռավորություն։ 12 ժամվա ընթացքում տեղի է ունենում ներարկված ռադիոակտիվ նյութի ամբողջական տրոհում, որից հետո դուք այլևս չեք լինի ճառագայթման աղբյուր։
• Ավելացնել օգտագործվող հեղուկի ծավալը մինչև 2–2,5 լիտր։ Ռադիոակտիվ նյութը դուրս է գալիս երիկամներով՝ մեզի հետ միասին։
• Բացառել ալկոհոլային խմիչքների օգտագործումը։
• Եթե պլանավորում եք հետազոտությունից հետո 24 ժամվա ընթացքում դուրս գալ հանրապետությունից կամ հատել հանրապետության սահմանը, անհրաժեշտ է տեղեկացնել անձնակազմին համապատասխան փաստաթուղթ ստանալու համար՝ տեղեկանք ռադիոնուկլիդային ախտորոշման մասին։ Տեղեկանքը անհրաժեշտ է ներկայացնել սահմանին։
 

Ինչպե՞ս ստանալ հետազոտության արդյունքը / եզրակացությունը։
ՊԷՏ/ՀՏ-ի արդյունքները պատրաստ կլինեն երկու աշխատանքային օրվա ընթացքում։ Բնօրինակ արձանագրությունը, հետազոտության ձայնագրման սկավառակը և QR կոդը տրվում են Ճառագայթային թերապիայի կենտրոնի ընդունարանում՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում։
Վերոնշյալ նախապատրաստման կանոններին հետևելը թույլ է տալիս իրականացնել որակյալ հետազոտություն և նվազեցնել կեղծ դրական ու կեղծ բացասական արդյունքների ռիսկերը, որոնք կարող են կապված լինել ոչ պատշաճ նախապատրաստման հետ։

Այլ նորություններ

news
Gallium 68 PSMA հետազոտություն «Էրեբունի» ռադիոթերապիայի կենտրոնում
Իմանալ ավելին
news
Գլխուղեղի ուռուցքի նախավիրահատական ճառագայթում
Իմանալ ավելին
news
Առաջին անգամ Հայաստանում իրականացվել է Gallium-68 PSMA հետազոտություն
Իմանալ ավելին
news
Ամբողջ մարմնի ճառագայթում
Իմանալ ավելին
news
Տարվա ամփոփում Բժշկական տուրիզմ
Իմանալ ավելին
news
Թոքի քաղցկեղի բուժման նոր մեթոդներ
Իմանալ ավելին
news
Ճառագայթային թերապիայի իրականացման փուլերը
Իմանալ ավելին
JCI GOLD SEAL
Organization Accredited by Joint Commission International